Հարյուրավոր ցուցարարներ մտել են Բաղդադի կենտր...

Հարյուրավոր ցուցարարներ մտել են Բաղդադի կենտրոնում գտնվող «կանաչ գոտի», հայտնում է Իրաքյան լրատվական գործակալությունը (INA):

Ցուցարարները սկսել են մտնել «կանաչ գոտի» այն բանից հետո, երբ ցույցի ժամանակ պայթյուններից պաշտպանող մի քանի բետոնե պատեր են հանել։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի վաղ ցուցարարները հավաքվել են Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում՝ բողոքելու Իրաքի վարչապետի պաշտոնում Մուհամմեդ Շիա Ալ-Սուդանիի թեկնածության դեմ:

Rudaw-ի փոխանցմամբ՝ շիա հոգեւորական Մուկթադա աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ճեղքել են Բաղդադի «կանաչ գոտին» քաղաքի մնացած հատվածից բաժանող բետոնե պատերը եւ ներխուժել խորհրդարանի շենք։ Վարչապետ Մուստաֆա ալ Քադիմին կոչ է արել ցուցարարներին լքել «կանաչ գոտին» եւ խորհրդարանի շենքը։

Շիական «Համակարգող կառույցը» երկուշաբթի օրը Իրաքի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիին ներկայացրել է որպես երկրի վարչապետի իր թեկնածու։

Սադրի կողմնակիցները մերժել են Սուդանիի թեկնածությունը։

Բաղդադի «կանաչ գոտում» են գտնվում հիմնական կառավարական գրասենյակների մեծ մասը եւ օտարերկրյա առաքելությունների գրասենյակները: