
Հարվարդի համալսարանը դատական հայց է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Այս մասին ապրիլի 21-ին հաղորդել է The Harvard Crimson ուսանողական թերթը։
Ուսումնական հաստատությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է անօրինական և հակասահմանադրական արշավ իրականացնելու մեջ՝ «իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար Հարվարդին պատժելու» նպատակով։
«Փոխզիջումը, որն առաջարկել են Հարվարդին և մյուս համալսարաններին, հասկանալի է. թույլ տվեք կառավարությանը զբաղվել ձեր բարձրագույն ուսումնական հաստատության միկրոմենեջմենթով կամ վտանգի տակ դրեք հաստատության հնարավորությունը՝ բեկումնային առաջընթացի հասնելու բժշկագիտության բնագավառում, անելու գիտական հայտնագործություններ և գտնելու նորարարական լուծումներ», - մեջբերում է թերթը Հարվարդի փաստաբանների ներկայացրած դատական հայցի տեքստը:
Հարվարդը պահանջում է անօրինական ճանաչել 2,2 միլիարդ դոլարի, ինչպես նաև ցանկացած միջոցների ֆինանսավորման սառեցումը, որոնց տրամադրման մերժումը կապված է «ոչ սահմանադրական պահանջների» հետ, որոնք ներառված են Թրամփի վարչակազմի՝ Հարվարդին ուղղված նամակներում:
Օրեր առաջ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում՝ փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության և ներառականության ծրագրերում։ Համալսարանը մերժել էր այս պահանջները։
Իսկ ավելի ուշ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 միլիարդ դոլարով՝ ուսումնական հաստատության կողմից իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատճառով:
The New York Times թերթը նշում է, որ հայցում որպես պատասխանող կողմ նշված են ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեոնը, արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Փեմ Բոնդին, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը և մի շարք այլ պաշտոնյաներ: