Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի «Բաղեր» թաղամասի ճանապարհը հարթեցվել և խճապատվել է մարտի վերջին տասնօրյակի և ապրիլի առաջին օրերի ընթացքում՝ համայնքապետարանի և բնակիչների համագործակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղհովիտի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանից, ճանապարհը հարթեցվել և խճապատվել է շուրջ 800 մ երկարությամբ և 4000 քմ մակերեսով՝ արդեն ստանալով որոշակի բարեկարգ տեսք ու համեմատաբար անցանելի վիճակ թե՛ հետիոտնի, թե ավտոտրանսպորտային երթևեկության համար։
«Այս ճանապարհը կարևոր նշանակություն ունի մի շարք առումներով։ Նախ, այն մեր գյուղի երկրորդ գերեզմանոց, ապա՝ նորաստեղծ թաղամաս տանող ճանապարհն է։ Նրանից մշտապես օգտվում են նաև Մարտունի քաղաքի անասնապահական տնտեսությունները, որոնք անասուններին արոտավայր են տանում «Գոմեր» ու «Մթնաձոր» հանդամասերում։ Բացի գյուղատնտեսական նշանակությունն, այս տարածքներում կան հնագիտական ու բնության հիասքանչ հուշարձաններ, որոնք զբոսաշրջության զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր են։ Այս տարի տեղացած առատ ձյան պատճառով հողային գրունտ ունեցող ճանապարհը քայքայվել էր, դարձել դժվարանցանելի, մեծ ջրափոսեր էին առաջացել, ուստի և համայնքապետարանը, համագործակցելով մեր գյուղի մասնավոր հատվածի հետ, ձեռնարկեց ճանապարհի հարթեցման ու խճապատման աշխատանքները։ Տեխնիկան և վառելանյութը տրամադրեց համայնքապետարանը, իսկ բանվորական ուժը և բեռնատար մեքենաները՝ բնակիչները։ Այս ճանապարհը համայնքապետարանի կողմից նախատեսվում է ասֆալտապատել 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով»,-ներկայացրեց Ահարոն Խաչատրյանը։



