Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հարցազրույց կտա CBS հեռուստաալիքին, հանրապետական Դոնալդ Թրամփը մերժել է նման առաջարկը։ Այս մասին նշվել է X-ում 60 Minutes (60 րոպե) հաղորդման պաշտոնական էջում երեքշաբի տեղադրված հրապարակման մեջ։
Հրապարակումը վկայում է, որ Հարիսը համաձայնել է հարցազրույց տալ 60 Minutes-ի թղթակից Բիլ Ուիթակերին, հաղորդման հատուկ թողարկումը CBS-ի եթեր դուրս կգա հոկտեմբերի 7-ին։ Թրամփը սկզբում համաձայնել է 60 Minutes-ի թղթակից Սքոթ Փելիին հարցազրույց տալ, բայց հետո հրաժարվել է, նշվել է հրապարակման մեջ։ Ինչպես նշել է Axios պորտալը, հանրապետականի շտաբի ներկայացուցիչները, բացատրելով հրաժարումը, համաձայնել են այն մտքին, որ քաղաքական գործիչը չի ցանկանում, որպեսզի իրեն «ընդհատեն փաստերն ստուգելու համար»։
Axios-ը նաեւ ընդգծել է, որ բարձրագույն պետական պաշտոնի թեկնածուների միջեւ պայմանավորվածության բացակայության ֆոնին՝ հեռուստաբանավեճերի երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ, Հարիսի եւ Թրամփի հարցազրույցները CBS-ին, որոնք կցուցադրվեին եթերում մեկը մյուսից հետո, նրանց համար կարող էին դառնալ «լայն լսարանին դիմելու վերջին հնարավորություն» ընտրություններից առաջ։
«Մեր հաղորդման հատուկ թողարկումը՝ նվիրված ընտրություններին, որը ներառում է Հարիսի հարցազրույցը, ինչպես եւ նախատեսված էր, եթեր կգնա երկուշաբթի։ Մեր հարցազրույցի առաջարկը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մնում է ուժի մեջ»,- նշվել է հրապարակման մեջ։