Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով երկրո...

«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկայումս շարունակվում է «3+3»- ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակների մշակումը։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրվածությունից՝ հրավերը կարող է ուղղվել նաև Վրաստանին», – ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն համոզված է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ ելնելով մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացումը, ինչին կնպաստի տրանսպորտային ուղիների վերականգնումը։

«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքների արդիականացման համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլ նաև էներգետիկայի ոլորտում։ Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը համապարփակ տարածաշրջանային կապերի հաստատման միջոցով և կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,- պարզաբանել է գերատեսչության տնօրենը:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախաձեռնությամբ։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել էին այս գաղափարը, Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, այլ առաջարկում է խաղաղությունը պահպանելու համար Բաքվի և Երևանի միջև բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի  է ունեցել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։