Հարավային Կորեայի նախագահը հայտնել է, որ «պայ...

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ պայքարելու է մինչեւ վերջ իր դեմ հետաքննության ֆոնին։ Այս մասին նա հայտնել է ազգին հղած իր ուղերձում։

«Ես կպայքարեմ մինչեւ վերջ»,- ասել է նա։ Մինչ այդ Յուն Սոկ Յոլը հայտնել էր, որ պատրաստ է անցնել իմփիչմենթի ընթացակարգը եւ հետաքննությունը։ Նրա կարծիքով՝ ռազմական դրություն մտցնելու որոշումը չի կարելի խռովություն համարել. քանի որ նա փորձել է «պաշտպանել երկիրը»։ Նա նաեւ նշել է, որ ռազմական դրություն մտցնելը նախագահի լիազորությունն է, ինչպես եւ արտաքին քաղաքականություն վարելը, ուստի չի կարող լինել «իրավաբանական ստուգման» առարկա։ Նախագահի որոշումը կարող է չեղարկել միայն խորհրդարանը, ընդգծել է Յուն Սոկ Յոլը։

Հարավային Կորեայի նախագահը հավաստիացրել է, որ զինվորականներ է ուղարկել Ազգային ժողով ոչ նրա համար, որ «խափանի քվեարկությունը ռազմական դրության չեղարկման մասին, այլ «կարգի պահպանման» համար։ «Ուղիղ ասում եմ. ես հրամայել եմ չշրջափակել Ազգային ժողովի մուտքը, մի՞թե երկու ժամանոց դավաճանություն լինում է։ Մի՞թե ոչ մեծ թվով զինվորականներ մտցնելը կարգի պահպանման համար խռովություն է»,- հռետորական հարց է տվել Յուն Սոկ Յոլը։

Ռազմական դրությունը սկսել է գործել դեկտեմբերի 3-ին, տեղի ժամանակով 23.00-ին, դեկտեմբերի 4-ի 01.00-ին խորհրդարանը քվեարկել է դրա չեղարկման օգտին։ Ազգային ժողով ուղարկվել 280 հատուկջոկատային։

Ավելի վաղ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քվակ Չոն Գինը հավաստիացրել էր, որ նախագահը հրամայել է պատգամավորներին դուրս բերել խորհրդարանից, որպեսզի խափանի քվեարկությունը։ Սպայի խոսքով՝ կարգադրությունները ստացվել են կապի փակ միջոցով։ Նախագահը պնդում է, որ ենթարկվել է խորհրդարանի որոշմանը եւ հրամայել դուրս բերել զինվորներին։ Խորհրդարանի աշխտանքի արգելակման փորձը հիմք է դարձել խռովության մասին հետաքննության համար՝ սահմանադրական կարգի տապալման նպատակով։