Հարավային Կորեան կքննարկի ԱՄՆի հետ Հորմուզի ն...

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց հարավկորեական նավեր ուղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը պետք է մանրամասն քննարկվի երկու երկրների ներկայացուցիչների կողմից ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Այս հարցն անհրաժեշտ է լուծել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև խորը քննարկումների շրջանակներում, և դա բավական ժամանակ կպահանջի», - ասել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի քարտուղար Լի Գյու Յոնը։

«Մենք սերտ կապ ենք պահպանում ԱՄՆ-ի հետ և մտադիր ենք մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելել է նա։

Լի Գյու Յոնի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, ինչ Թրամփը Հարավային Կորեային և ևս չորս երկրի կոչ արեց նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ի պատասխան այս ջրային ճանապարհը փակելու Իրանի գործողությունների։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ նեղուցը փակ է լինելու բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են այն օգտագործել իրանական կողմի դեմ հարձակվելու նպատակով։