Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկ...

Կորեայի Հանրապետությունը խորհրդակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ օգտագործված միջուկային վառելիքի ինքնուրույն վերամշակման և այն ավելի բարձր մակարդակի հարստացման իրավունքների ստացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը Yonhap գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նախարարի՝ այդ թեման քննարկվում է մաքսատուրքերի շուրջ գործարքի և ամերիկյան զորակազմի պահման ծախսերում Սեուլի մասնաբաժնի ավելացման հետ մեկտեղ։ Այդ դրույթները կարող են լինել «փաթեթային համաձայնագրի» մաս, բայց Սեուլում պատրաստ են համաձայնության գալ  յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին։

Չո Հյոնը միևնույն ժամանակ նշել է, որ առջևում դժվարին բանակցություններ են սպասվում։ 

Պաշտոնյային խնդրել են հաստատել՝ արդյոք Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը հասել են սկզբունքային համաձայնության միջուկային վառելիքի հարստացման և վերամշակման իրավունքների տրամադրման և ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության համապատասխան համաձայնագրի վերանայման վերաբերյալ։

«Բայց մենք պետք է զգույշ լինենք քաղաքական գործիչների այն խոսակցությունների հարցում, թե «մենք կդառնանք անկախ միջուկային տերություն կամ կդառնանք պոտենցիալ միջուկային տերություն՝ վերամշակման և հարստացման իրավունքներ ստանալու շնորհիվ», - զգուշացրել է Չո Հյոնը։ - Դա կբարդացնի բանակցությունները»։

Ավելի վաղ հարավկորեական զանգվածային լրատվամիջոցները ենթադրում էին, թե օգտագործված միջուկային վառելիքի ինքնուրույն հարստացման իրավունքների ստացումը կնշանակի միջուկային զենքի մշակման համար տեխնիկական և նյութական հիմքի ստեղծման հնարավորություն՝ քաղաքական որոշման դեպքում։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Կորեայի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կողմ է ատոմային ռումբի ստեղծմանը։

«Մենք կենտրոնանցած ենք այն ասպեկտների վրա, որոնք  կապված են արդյունաբերության և շրջակա միջավայրի հետ», - պարզաբանել է Չո Հյոնը։

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել էր միջուկային զենքի չտարածման ռեժիմին կողմնակից լինելու մասին: