
Ես գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող այլ հայերի դատավարություններին չանդրադառնալուն, չլուսաբանելուն:«Գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, և մենք իրենց բովանդակային վեճերի կամ բովանդակության մեջ խառնվելու իրավունք չունենք։ Մենք, ընդհանրապես, խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք»,- ասաց նա:Ըստ ՀՌՀ նախագահի՝ իրենց իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ:«Օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ: Մենք որևէ լծակ չունենք: Դա օրենսդրական խախտում չի, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի, մտահոգությունը կիսում եմ»,- ասաց նա: