Վրաստանի վարչապետը Երևանում ներկայացրել է կեն...

Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվել Երևանում կայացող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին։ Ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ին և Հայաստանի կառավարությանը՝ մեզ մեկտեղ հավաքելու համար։ Այս մասին COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդներ» գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այս գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ևս մեկ անգամ հաստատելու մեր ընդհանուր պատասխանատվությունը և ամրապնդելու բնության պաշտպանության մեր հավաքական հանձնառությունները։ 2030 թվականի նախաշեմին մեր առջև արդեն կանգնած է ոչ թե այն հարցը, թե ինչի շուրջ ենք պայմանավորվել, այլ այն, թե իրականում ինչ ենք անում։ Այս խնդրի արդիականությունը հատկապես ակնհայտ է Վրաստանի համար, որը գտնվում է Կովկասյան տարածաշրջանի՝ կենսաբազմազանության «թեժ կետի» սահմաններում և առանձնանում է էկոհամակարգերի ու տեսակների բացառիկ բազմազանությամբ։ Մեր բազմազան լանդշաֆտները՝ բարձր լեռնաշղթաներից մինչև ընդարձակ անտառներ և ավելի քան 26 000 գետեր, բնական կենսամիջավայրերի պահպանումը դարձնում են մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Այս բնական ժառանգության պաշտպանությունը, էկոլոգիական կապերի պահպանումը և խաթարված էկոհամակարգերի վերականգնումը Վրաստանի մոտեցման հիմքում են։ Այսօր Վրաստանի պահպանվող բնական տարածքները զբաղեցնում են ավելի քան 1 միլիոն հեկտար, ինչը կազմում է երկրի տարածքի ավելի քան 15 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող տարածքներն ընդգրկում են երկրի մակերեսի 23 տոկոսը։

Վրաստանն աջակցում է գլոբալ նպատակին՝ մինչև 2030 թվականը ապահովել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ պաշտպանությանը։ Մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն հատուկ պահպանվող բնական տարածքներով։ Վերջին տասնամյակում անտառների վերականգնման և տնկման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 7 000 հեկտար տարածքում, մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք նման միջոցառումներով ընդգրկել առնվազն 20 000 հեկտար», — նշել է նա։

Նրա խոսքով՝ առողջ էկոհամակարգերն աջակցում են գյուղատնտեսությանը, ապահովում են ջրային ռեսուրսների պահպանումը, գրավում են զբոսաշրջիկների և հնարավորություն են ստեղծում փոքր բիզնեսի զարգացման համար։

«Տնտեսական մրցունակության, աշխատատեղերի ստեղծման և երկարաժամկետ բարգավաճման մեջ ներդրումների շնորհիվ Վրաստանը շարունակում է ցուցադրել բարձր տնտեսական ցուցանիշներ․ 2026 թվականի առաջին ութ ամիսներին միջին աճը կազմել է 7,6 տոկոս։

Վերջերս Համաշխարհային բանկը վերանայել է 2026 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ բարձրացնելով այն, հասցնելով 7 տոկոսի։ Ըստ այս կանխատեսումների՝ 2026-2028 թվականների ընթացքում Վրաստանը ցույց կտա եվրոպական երկրների շրջանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը։ Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ այս աճի պտուղները հասնեն գյուղական և լեռնային շրջաններ, որտեղ ապրուստի միջոցներն անմիջականորեն կախված են բնությունից։ Հենց այդ պատճառով էլ մենք պահպանվող բնական տարածքները, անտառների վերականգնման նախագծերն ու կայուն զբոսաշրջությունը վերածում ենք տեղական զարգացման շարժիչ ուժերի․ բնության պահպանումը ստեղծում է աշխատատեղեր և բացում է նոր հնարավորություններ խոշոր քաղաքներից դուրս։ Կայուն առաջընթացի հասնելը պահանջում է համագործակցություն, որը դուրս է ազգային սահմանների շրջանակից։

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում ավելի սերտ տարածաշրջանային գործընկերության և կայուն զարգացման համար։ Վրաստանը ձգտում է համագործակցել հարևան երկրների հետ՝ այս ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու նպատակով։

Տարածաշրջանային համագործակցության հետ մեկտեղ, բնության պահպանության հանձնառություններն իրական արդյունքների վերածելու գործում կարևոր դեր են խաղում միջազգային գործընկերությունները։ Միջազգային փոխգործակցության ամրապնդումը, ռեսուրսների մոբիլիզացումը և փորձի փոխանակումը անհրաժեշտ պայմաններ են կենսաբազմազանության արդյունավետ և կայուն պահպանման համար։ 2030 թվականի նախաշեմին մեր գլխավոր խնդիրն է կենսաբազմազանության ոլորտում գլոբալ հանձնառությունները վերածել կոնկրետ և երկարաժամկետ ձեռքբերումների։ Այս գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է ամրապնդելու Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի նպատակներին հասնելու մեր ընդհանուր վճռականությունը և նոր խթան հաղորդելու դրանց իրականացմանը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ կենսաբազմազանության պաշտպանության, բնապահպանական միջոցառումների ուժեղացման և ապահովման համար», — ընդգծել է Կոբախիձեն։