Հանգամանորեն քննարկվել է իրադարձությունների ը...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հանգամանորեն քննարկվել է իրադարձությունների ընթացիկ զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը՝ հօգուտ պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման՝ հայտնի միջազգային իրավական հիմքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ։

«Մասնավորապես, շահագրգռություն է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում», - հաղորդել է Կրեմլը։

Բացի այդ, ՌԴ նախագահի ծննդյան նախօրյակին՝ հոկտեմբերի 6-ին, Իսրայելի վարչապետը նրան ամենաբարի մաղթանքներն է հղել։

Հոկտեմբերի 7-ին Պուտինը նշում է իր ծննդյան 73-ամյակը։