«Առաջարկվում է հանել լրագրողների հավատարմագրումը, քանի որ սա հակասում է ԶԼՄ մասին օրենքին, որի համաձայն՝ ՏԻՄ-ում չի պահանջվում լրագրողներին հավատարմագրել, և այսուհետ լրագրողները կարող են աշխատել առանց հավատարմագրման», - ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Սամսոնյանի խոսքով՝ ավագանու նիստերը լուսաբանելու ժամանակ լրագրողների անկաշկանդ աշխատանքն ապահովելուն ուղղված փոփոխություններ են առաջարկում:
«Լրագրողների համար առանձին տարածք հատկացվեց նիստերի դահլիճից հեռու, որը խոչընդոտում է ավելի օբյեկտիվ լուսաբանմանը: Եկանք այն համաձայնության, որ հատուկ տեղը կմնա, սակայն այն կլինի նիստերի դահլիճին կից՝ թափանցիկ, արգելապատնեշով, որպեսզի նրանք կարողանան տեսադաշտ ունենալ ավագանու նիստերի ընթացքում», - հավելեց պատգամավորը:



