Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային և կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաև Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:
(131).jpg)
Խմբի ղեկավարը կարևորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:
Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը:
«Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասել է Տաթևիկ Գասպարյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար:
«Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,- ընդգծել է պատգամավորը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:



