Հանդիպում թուրք նախարարի հետ՝ քարոզչական բեմա...

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի անունը կրկին հայտնվեց հայաստանյան մեդիա օրակարգում՝ կապված ՀՀ դե-ֆակտո կառավարության անդամներից մեկի հետ ունեցած հանդիպման հետ։ Ըստ թյուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ հանդիպումը ոչ միայն չի բխում հայկական շահերից, այլ ծառայում է բացառապես քարոզչական նպատակների՝ Հայաստանում հանրային կարծիքը ձևավորելու և միջազգային «խաղաղության գործընթացի» կեղծ պատրանք ստեղծելու համար։

Գեղամյանը հիշեցնում է, որ Գյոքթաշը քաղաքական գործունեությունն սկսել է Բելգիայում, որտեղ 2015 թվականին հեռացվել է քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու պատճառով։ Այս համատեքստում նա նախարարուհուն ներկայացնում է որպես «երդվյալ ու սկզբունքային հակահայ» գործիչ։

Վերլուծաբանի կարծիքով՝ հանդիպման իրական նպատակն ու թիրախային լսարանը ներհայաստանյան են.

«Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար»,- նշում է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախարարությունը նույնիսկ չի անդրադարձել հանդիպմանը՝ ի տարբերություն մյուս հանդիպումների, որոնց մասին տարածել է պաշտոնական հաղորդագրություններ։

Գեղամյանն այս երևույթը դիտարկում է որպես շարունակություն «Անիի կամուրջի վերականգնման» նման այլ արշավների, որոնք ներկայացվում են սենտիմենտալ և խաղաղասիրական լույսի ներքո, սակայն իրականում ունեն քարոզչական գործառույթ։