Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։
Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունը, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն։ Ստելիոս Անգելուդիսն իր հերթին նշել է, որ լավ տեղյակ է հայոց պատմությանը և բարձր է գնահատում Սալոնիկի հայ համայնքի դերը քաղաքի կյանքում: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են քույր քաղաքներ Սալոնիկի և Գյումրու միջև բազմոլորտ համագործակցությունը խթանելուն ուղղված մի շարք ծրագրերի և այդ նպատակով փոխադարձ այցեր կազմակերպելու նպատակահարմարությանը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև համաժողով կազմակերպելու հնարավորությունը։