Հանդիպել եմ Ալեն Սիմոնյանի հետ, ուղղակի տեսել...

Ի սկզբանե մեր առջև դրված էր խնդիր պարտադրել իշխանություններին հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, բայց մեկ պայմանով, որ մեկ տարի պետք է լինի անցումային կառավարություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Վերջինս խուսափեց պատասխանելուց, թե ինչ ձևաչափով ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի տարածված այն լուրերը, որ հավանական է՝ «Հայրենիք» կուսակցությունը գնա իշխանության հետ կոնսենսուսի ճանապարհով, Վանեցյանը դրանք ստահոդ լուրեր անվանեց։

«Ես այսօրվա քաղաքական դաշտը բաժանում եմ երկու մասի։ Կա քաղաքական ուժերի և անհատների մի խումբ, որոնք հակաիշխանական են, և կա մի խումբ, որը իշխանության հետ է։ «Հայրենիք» կուսակցությունը և ես անձամբ իմ տեղը տեսնում եմ հակաիշխանական ճամբարում»,-նշեց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի դեմ ներկայացրած հայցի ետ վերցնելուն, և արդյոք ինքը հանդիպում ունեցե՞լ է Ալեն Սիմոնյանի հետ, Վանեցյանը ասաց․ «Հայցը ներկայացված էր վարչապետի մամուլի խոսնակի և վարչապետի նկատմամբ՝ խոսնակի գրառման համար։ Դատարանը որոշեց, որ այդ գրառման լուրը տարածվել է մամուլի խոսնակի ֆեյսբուքյան անձնական էջով, և վարչապետը չի հանդիսանում պատասխանող կողմ։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, նրա հետ հանդիպել եմ մի քանի ամիս առաջ, ուղղակի տեսել ենք իրար, խոսել, որևէ քաղաքական քննարկում չի եղել, և բանագնացի ֆունկցիա նա չի կատարել»։