
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 9-15-ը Աբու Դաբիում կմասնակցի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին:
Կոնգրեսը, որը կրում է «Փոխակերպվող պահպանության հզորացում» խորագիրը, համարվում է բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր հավաքը։ ՀՀ ՇՄ նախարարության հաղորդմամբ՝ Կոնգրեսը նպատակ ունի խթանել միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, ուսումնասիրել բնապահպանական մարտահրավերների նորարարական լուծումները և ամրապնդել կայուն զարգացման նախաձեռնությունները։
Միջոցառումը կծառայի որպես եզակի հարթակ՝ փորձի փոխանակման, լավագույն փորձերի ներկայացման և բնության պահպանության ապագա ռազմավարությունների ձևավորման համար։
Աշխարհի ավելի քան 1400 պետական, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ կքննարկեն ու կքվեարկեն շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ՝ նպաստելով այն գաղափարին, որ մարդկությունը և մոլորակը պետք է ապրեն ներդաշնակ համակեցության մեջ։