Համաժողովը ևս մեկ հարթակ է փորձի փոխանակման և...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում ներկա է եղել «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեայի պաշտոնական բացման արարողությանը: 

Համաժողովին մասնակցում են EIFL-ի հետ համագործակցող երկրների գրադարանային ասոցիացիաների, այդ թվում՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող, ինչպես նաև ակադեմիական տարբեր գրադարանների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է այն միջազգային առաքելությունը, որն իրականացնում է կազմակերպությունը Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար: Նրա նշմամբ՝  EIFL-ի հետ Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել համաժողովի կազմակերպումը Հայաստանում:

«Այս համաժողովը ոչ միայն կարևոր մասնագիտական իրադարձություն է, այլև Հայաստանի գիտական և կրթական համակարգի զարգացման ռազմավարական ուղեգծերից մեկի ամրապնդմանն ուղղված քայլ։ Համաշխարհային գիտական արտադրանքը, որը տարածվում է միջազգային առաջատար հրատարակիչների միջոցով, այն հիմնական գործիքն է, որով ձևավորվում են նորագույն հետազոտությունները և գիտության առաջընթացը։ Այդ հարթակներին Հայաստանի գիտնականների ու ուսանողների լիարժեք հասանելիությունը ոչ միայն կրթական որակի բարձրացման գրավական է, այլև մեր գիտական ներուժի՝ համաշխարհային գիտության մեջ ներառման կարևոր նախապայման»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա ընդգծմամբ՝ գիտելիքը պետությունների զարգացման ռազմավարական ռեսուրսն է, և EIFL-ի հետ համագործակցությունը ոչ միայն մասնագիտական, այլև ազգային նշանակություն ունի.

«Այն թույլ է տալիս մեր համալսարաններին, գիտահետազոտական ինստիտուտներին և գրադարաններին միանալ համաշխարհային գիտական հոսքին՝ ստեղծելով գիտելիքի ազատ շրջանառության միջավայր։ Սա նաև հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներգրավվել միջազգային գիտական երկխոսության մեջ, տիրապետել արդի հետազոտական գործիքներին և իրենց աշխատանքները ներկայացնել համաշխարհային գիտական հանրությանը։ ԿԳՄՍ նախարարության համար EIFL-ի հետ համագործակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, քանի որ այն համապատասխանում է մեր հիմնական նպատակին՝ գիտելիքի մատչելիությանը և արդի կրթական միջավայրի ձևավորմանը։ Մեր համոզմամբ՝ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են գիտական որակի բարձրացմանը, այլև ուղղակիորեն աջակցում են նորարարությանը, տեխնոլոգիական առաջընթացին և երկրի կայուն զարգացմանը»։

Նախարարի տեղակալն արձանագրել է՝ համաժողովը ևս մեկ հարթակ է փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և առաջիկա քայլերի համատեղ պլանավորման համար։  Նա շնորհակալություն է հայտնել EIFL-ին՝ Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության, գրադարանային ներուժի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար և բոլորին մաղթել բովանդակալից քննարկումներ ու արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

Համաժողովի շրջանակում «EBSCO information services» ընկերության ներկայացուցիչները սեմինար կանցկացնեն Հայաստանի տարբեր գրադարանների մասնագետների համար՝ ներկայացնելով Էլեկտրոնային ռեսուրսների հետ աշխատանքի լավագույն փորձը։

EIFL-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Կազմակերպության նպատակն է ապահովել գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել կրթության, գիտության, հետազոտությունների և կայուն համայնքային զարգացմանը։

Համաժողովին մասնակցում են 48 երկրի գրադարանային ոլորտի և գիտական հրատարակչությունների ներկայացուցիչներ (Oxford University Press, Cambridge University Press, Brill, JSTOR, EBSCO, Sage, The Company of Biologists և այլն)։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: