Հայաստանի համայնքների միությունը խստորեն դատապարտում է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Համայնքների միության հայտարարությունը հրապարակել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։
Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։
Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել` հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։
Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի»,- ասված է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Ոստիկանությունն ահազանգ է ստացել Մերձավանում կրակոցների մասին։ Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր ժամանելուց հետո պարզել է, որ կրակոցների հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, աշխատանքներ են տարվում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով դիմակավորված անձը մոտեցել է փողոցում կանգնած Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին և կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ։ Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ հանցագործության հեղինակը կրակոցներն արձակել է ինքնաձիգից։



