
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի և շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։
Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։
Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ՆԳ նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։
Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման և դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։
Խնդրի լուծման և համակարգի բարելավման նպատակով ՆԳ նախարարությունը մշակել է ոլորտային ռազմավարություն, որը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am հարթակում։ Առաջարկվում է անցում կատարել լիցենզավորման համակարգի, որի շրջանակում գործընթացի ղեկավարումը կվերապահվի ՆԳ նախարարությանը։
Նախատեսվում է նաև լուծարել ՆԳ նախարարության ենթակայության տակ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ և մրցակցային։
Քննարկվել են նաև լիցենզավորման մոդելի առավելությունները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավվածության սահմանները և շահերի բախման ռիսկերը։
Մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել բարեփոխումների գործընթացին և առաջարկել լուծումներ։
Համատեղ լուծումներ և գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ՆԳ նախարարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկումները շարունակական են: