Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին...

2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2,887 տրիլիոն դոլարի, ինչը 2,9%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում:  

Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ծախսերը կրճատվել են Միացյալ Նահանգներում, բայց Եվրոպայում աճել են 14%-ով, իսկ Ասիայում և Օվկիանիայում՝ 8,1%-ով։ Ամենամեծ ռազմական ծախսերով երեք երկրները՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, ընդհանուր առմամբ ծախսել են 1,480 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ընդհանուր ծավալի 51%-ը։

Ընդ որում, մասնագետները արձանագրել են, որ ռազմական ծախսերն աճել են 11-րդ տարին անընդմեջ։ «Պետությունները պատերազմների, անորոշության և աշխարհաքաղաքական ցնցումների հերթական տարվան արձագանքել են սպառազինությունների աճի լայնածավալ ծրագրերով։ Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամերի մասշտաբները, ինչպես նաև շատ պետությունների երկարաժամկետ ռազմական ծախսերի նպատակային ցուցանիշները՝ այդ աճը, հավանաբար, կշարունակվի մինչև 2026 թվականի վերջը և դրանից հետո»,- մեկնաբանել է SIPRI-ի ռազմական ծախսերի և սպառազինությունների արտադրության ծրագրի գիտական աշխատակից Սյաո Լյանը:

Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են մոտավորապես 218 միլիարդ դոլարի, ինչը ընդամենը 0.1 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։

Իսրայելի ռազմական ծախսերը նվազել են 4.9 տոկոսով՝ հասնելով 48.3 միլիարդ դոլարի, ինչն արտացոլում է Գազայում պատերազմի ինտենսիվության նվազումը 2025 թվականի ընթացքում՝ Համասի հետ 2025-ի հունվարին կնքված հրադադարի համաձայնագրից հետո։ Թուրքիայի ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են 7.2 տոկոսով՝ հասնելով 30.0 միլիարդ դոլարի՝ մասամբ պայմանավորված Իրաքում, Սոմալիում և Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններով։

Իրանի ծախսերը նվազել են երկրորդ տարին անընդմեջ՝ 2025 թվականին պակասելով 5.6 տոկոսով ու հասնելով 7.4 միլիարդ դոլարի։