Հակասանիտարական վիճակ՝ Երևանում՝ Այգեստան 11-...

Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, փողոցով անցնող դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու լցվում փողոցով մեկ։

Անգամ գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից, իսկ երեխաները դպրոց են հաճախում այդ պայմաններում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում պատկան մարմիններին՝ ասելով.

«Էս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Ում ասես դիմել ենք, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Կենտրոնի թաղապետարան, սակայն ոչ մի տեղից վերջնական հարցի լուծում չեն տեսնում։ Ամբողջ տարածքում գարշահոտ է տիրում։ Երեխաներին էս ճանապարհով ենք դպրոց ու մանկապարտեզ տանում ու ամեն անգամ նույն հակահիգիենիկ վիճակին ենք ականատես լինում։

Պատկերացրեք՝ էլ կառույց չի մնացել, որ չդիմենք. մեկը մեկի վրա է գցում։ «Վեոլիա ջուրն» ասում է դա իմ գործը չէ, պետք է զբաղվի քաղաքապետարանը, քաղաքապետարանն ասում է դա մեր գործը չէ, պիտի անի «Վեոլիա ջուրը», հետո նորից դիմում ենք «Վեոլիա ջրին», ասում է դա մեր գործը չէ, պիտի անի թաղապետարանը։ Ու էդպես երկար ու ձիգ տարիներ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի անգամ բնակիչներն իրենց ուժերով են խցանված դիտահորերը մաքրել, բայց դա պետք է արվի «Վեոլիա ջրի» կամ Կենտրոնի թաղապետարանի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով, ինչը վերջնականապես կլուծի այդ խնդիրը։ Պետք է օր առաջ նաև փոխել վնասված կոյուղատարերը։