Հակառուսականության մեծ ալիք կբարձրանա․ Փաշինյ...

Հայաստանյան մամուլում վերջին շրջանում բավականին խոսվեց այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բավական ակտիվ դերակատարություն է սկսել ունենալ հանրապետության ներքին կյանքում, նաեւ՝ հասարակական-քաղաքական պրոցեսներում։ Միաժամանակ գրվեց, որ դեսպանը չափազանց լավ հարաբերություններ է կարողացել հաստատել փաշինյանական թիմի հետ։ Սա ինչ խոսք հետաքրքիր իրավիճակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը երբեք աչքի չեն ընկել ռուսամետությամբ։ Ընդհակառակը, նրանք միշտ էլ աչքի են ընկել հակառուսական տրամադրություններով եւ այդ տրամադրությունները քաջալերելով։

Փաշինյանի թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները ժամանակին Երեւանի ռուսական դեսպանատան դիմաց կամ Նավալնուն էին պաշտպանում կամ «Պուտինին ուղարկում տուն»։ Այս ամենն իհարկե ռուսները գիտեն, սակայն կարծես թե հատկապես պատերազմից հետո, Փաշինյանի հեռացման հարցում միանշանակ որոշում դեռ չկա Կրեմլում, ինչից էլ հատկապես երեւի օգտվում է Կոպիրկինը, լավ հարաբերություններով փորձելով մղել առաջ իր երկրի շահերը։ Սակայն, պետք է արձանագրել, որ Փաշինյանը երբեք չի հրաժարվել հակառուսականությունից եւ այժմ էլ նույն հակառուսն է։ Ուղղակի նա հիմա փորձում է իր իրական համոզմունքները քողարկել հատկապես, եւ կեղծ ռուսամետություն խաղալ, որովհետեւ հասկանում է, որ իր իշխանության պահպանումը հիմա 100 տոկոսով կախված է ռուսներից։

Թեեւ, հանուն արդարության արձանագրենք նաեւ, որ նույնիսկ ներկա իրավիճակում, երբեմն երբեմն նրա հայտարարություններում հակառուսականության նոտաներ ի հայտ են գալիս։ Փաշինյանը հիմա իր հակառուսականությունը արտահայտում է այլ կերպ՝ հակառուսական տրամադրվածություն ունեցող գործիչներին ու լրատվամիջոցներին, որոնք ի դեպ իշխանական քարոզչական մեքենայի կազմում են կարծես թե, ամեն կերպ քաջալերելով։

Եթե ավելի խորը նայենք փաշինյանական թիմի ներսում տիրող տրամադրություններին, ապա այնտեղ կա այսպիսի մոտեցում, որ ռուսներին պետք է պատժել, սակայն ոչ հիմա, այլ այն ժամանակ, երբ իրենք վստահ կլինեն, որ կարողացել են պահպանել իշխանությունը եւ վարչապետի աթոռը Փաշինյանի համար։ Հենց որ զգացին, իշխանությունը կորցնելու վտանգն անցել է, կսկսեն հակառուսական ալիք։

Մեկ այլ սցենարի համաձայն, Փաշինյանն ինքն է պատրաստ հրահրելու հակառուսականության ալիք այն ժամանակ, երբ զգա, որ «հողը իր ոտքերի տակ սկսում է երերալ», այսինքն՝ երբ արդեն զգա, որ կորցնում է իշխանությունը եւ իրեն փոխում են։ Նա նույնիսկ կփորձի այնպիսի կոնյուկտուրա ձեւավորել երկրի քաղաքական կյանքում, որ իրենից հետո իշխանությունը մնա հակառուսական ուժերին։ Զարմանալին այստեղ, իհարկե, Փաշինյանի հնարավոր քայլերը չեն, այլ ռուսների դանդաղկոտությունը, ովքեր այս ամենը հիանալի են հասկանում, բայց հապաղում են գործողություններ իրականացնելուց։