Մենք արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ Փաշինյանի անմիջական «քավորությամբ» Հայաստանում հակառուսական ակցիա է իրականացվում, կամ որ Սամվել Բաբայանը հակառուսական ալիք է փորձում բարձրացնել Արցախում։ Արդեն այսօր հայկական մամուլում գրվեց, որ Արարատ Միրզոյանն է սկսել հակառուսականության կենտրոն ձեւավորել՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ունեցողների հետ հանդիպումներ անցկացնելով։
Մասնավորապես, նա հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Գարեգին Միսկարյանին և Սուրեն Սահակյանին, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ղեկավար Լևոն Շիրինյանին, «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին։ Սրանք այն գործիչներն ու քաղաքական ուժերն են, որոնք ունեն ընդգծված հակառուսական կողմնորոշում․ Արամ Զավենի Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, օրինակ, իր եղբոր սպանության մեջ մեղադրում էր Ռուսաստանին՝ հենվելով Լիտվինենկոյի հայտարարությունների վրա։ Արամ Սարգսյանը նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարկի ջատագովներից է։ Այս առաջարկը նա կրկնել է նաև այս տարվա ապրիլին։
Լևոն Շիրինյանն այն գործիչներից է, ովքեր վստահ են, որ մենք ռուսների հետ չենք կարող բարեկամական հարաբերություններ ունենալ․ «Ռուսաստանն այս իշխանության հետ ոչինչ չունի, դեմ էլ չունի։ Ռուսաստանն արգահատանքով է վերաբերվում անկախության քաղաքական ուղի վերցրած Հայաստանին, և Ռուսաստանը երբեք բարեկամ չի եղել, ինչպես դասագրքերում կա։ Նա Կովկաս մտել է՝ հայ ժողովրդի գլխին թուրք-թաթարական խաներ-բեկերի դնելով։ Թշնամաբար են տրամադրված պետականության նկատմամբ։ Սա ապացուցում է մեր հեղափոխության անաղարտությունը և հեղափոխության ազգային ու ժողովրդավարական լինելը։ Երկրորդը՝ Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայից, սա Ռուսաստանի մահն է։ Ռուսաստանն առաջին անգամ «Հինգերորդ շարասյունը» Հայաստանում գործադրել է 20 թվականի աշնանը՝ հայ բոլշևիկների ձեռքով քայքայել ազգային բանակը, որպեսզի Հայաստանը հանձնվի Թուրքիային»։
Հակառուսականության դրոշակակիր քաղաքական ուժերի թվում է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Այս կուսակցության լիդերները մշտապես հակառուսական տրամադրություններ են տարածել և եղել են գործող իշխանությունների հակառուսական գործողությունների առաջին ողջունողներից մեկը։ Կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի համոզմամբ՝ Հայաստանի հակառուսական գործողությունները մեր ինքնիշխանության վկայությունն են։
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանի հանդիպումներն այս քաղաքական գործիչների հետ նպատակ չունեն թուլացնելու ներքին լարվածությունը։ 2018 թվականի ԱԺ ընտրություններին հիշատակված կուսակցությունների հավաքած ձայների համախումբը կազմում է ընտրողների ձայների 3,1 տոկոսը։ Ակնհայտ է, որ այդ տոկոսները հիմա առավել նվազելել են, քանի որ նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Եթե Միրզոյանի հանդիպումների նպատակը ներքին խնդիրները չեն, նշանակումը է՝ նպատակն արտաքին ազդակներ ուղարկելն էր։ Իսկ այս քաղաքական գործիչների հակառուսական կողմնորոշումն ակնհայտ է դարձնում, թե ում և ինչ ազդակ են ուղարկում Հայաստանի իշխանությունները։ Կարճ ասած՝ «ատամ են ցույց տալիս» Ռուսաստանին և հաճախորդ դառնալու առաջարկ են անում Արևմուտքին։