«Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով դասըն...

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի մասնակցությամբ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  աշխատակիցների՝ «Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացների փակման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  տարածած հաղորդագրությունը, փուլային դասընթացներին մասնակցել է Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների շուրջ 45 աշխատակից։

Միջոցառման ընթացքում գործընկեր կառույցների ղեկավարները երկուստեք կարևորել են միջգերատեսչական շարունակական արդյունավետ համագործակցությունն, անդրադարձել քաղաքացիների հետ շփումներում ճիշտ հաղորդակցման ձևերի և առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գիտելիքների իմացությունը։

«Ցանկացած մասնագետի պարագայում մեծապես կարևորում եմ, որ մասնագիտական կրթությունից զատ, վերջինս մասնակցի նաև վերապատրաստումների։ Ընտրված թեման շատ կարևոր է, քանի որ հարկադիր կատարողներն իրենց աշխատանքում հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտություն է լինում նաև առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերել։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը ստացված է և բարձր մակարդակով կազմակերպված»,- նշել է Սիրո Ամիրխանյանը։  

Դասընթացի մասնակիցները ևս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական բաժնի կողմից իրականացված օգտակար դասընթացների և փորձի փոխանակման հնարավորության համար։