Հակամարտության ձգձգումը չի բխում կողմերից և ո...

Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև իրապես բովանդակալից և անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Չինաստանը բազմիցս ընդգծել է, որ հակամարտության ձգձգումը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից: Այս պատերազմի շարունակումը կհանգեցնի միայն զոհերի ու կորուստների թվի ավելացմանը, ինչպես նաև իրավիճակի հետագա սրմանը»,- ասել է Լին Ցզյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք չինական կողմը դրդում է Թեհրանին բանակցել Վաշինգտոնի հետ:

Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը խաղաղ բանակցություններին ակտիվորեն աջակցելն է, խաղաղության հասնելու բոլոր հնարավորություններն օգտագործելը և մարտական գործողությունների դադարեցմանը նպաստելը:

«Մենք սատարում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը և իրավիճակի դեէսկալացիային. բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն իրապես բովանդակալից և անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում»,- նշել է դիվանագետը: