
Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականին քննվել է 465–ով ավելի շատ վարույթ, քան 2023 թվականին:
Այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ–ում կոմիտեի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս:
«2024թ ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849–ը: Ավարտված վարույթներից 167–ը՝ 374 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է»,–ասաց Նահապետյանը:
Նա ընդգծեց նաև քննության արդյունավետության և ծանրաբեռնվածության աճի մասին: «2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավելի է քննվել, քան 2023 թվականի ընթացքում: 2023 թվականին քննվել է 1824 վարույթ: 2024–ին նախորդ տարվա համեմատ ավարտված վարույթների թիվն աճել է 313–ով: 2023–ին ավարտվել է 536 վարույթ: Այսինքն՝ 2023–ի համեմատությամբ 2024–ին քննված վարույթների թիվն աճել է 25.5 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 58.4 տոկոսով»,–ասաց կոմիտեի նախագահը:
Դատարան ուղարկված քրեական վարույթները՝ ըստ հանցագործությունների բնույթի, եղել են ընտրությունների հետ կապված հանցագործություններ՝ 1 վարույթ՝ 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ՝ 25 վարույթ՝ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ՝ 1 վարույթ՝ 2 անձի վերաբերյալ և այլ հանցագործություններ:
Նահապետյանի խոսքով՝ 2023–ին քննիչների հաստիքները կրկնապատկվել են, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել շարունակվող ծանրաբեռնվածությունը: Նրա խոսքով՝ եթե համալրեն առկա մոտ 11 թափուր հաստիքները, ծանրաբեռնվածության առումով ավելի լավ իրավիճակում կհայտնվեն: