Գյումրու ռեստորանում զանգվածային թունավորման...

Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին՝ 7:50-ի դրությամբ, հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ներկայում հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»,- հայտնել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:32-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ ԱԻՆ տվյալների՝ թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց է տեղափոխվել 47 քաղաքացի: