Գյումրիում նոր ընտրությունների համար ամենաճիշ...

Կարծում եմ՝ Գյումրիում նոր ընտրություններ տեղի կունենան: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ենթադրում եմ, որ կլինի կամ տարվա սկզբին կամ տարվա երկրորդ կեսին: Իմ ընկալմամբ գարնան կողմը ամենաճիշտ տարբերակն է, բայց դրա հետ կապված հստակ որոշում գոյություն չունի: Մեր ցուցակը կգլխավորի Կարեն Սարուխանյանը»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները պարտադրեցին, որ քաղաքապետը հրաժարական տա եւ «Բալասանյան դաշինքի» անդամները դնեն մանդատները, որն ըստ էության, իշխանազավթում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իշխանազավթում եւ բաց ընտրություններ արտահայտություններն անհամատեղելի են: Չի կարող իշխանազավթումը զուգորդվի ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:

Ձեզ համար գաղտնի՞ք, է, որ տարբեր  մարդիկ մտավախություն ունենալով, որ քրեական գործ կարող է հարուցվել իրենց դեմ, որոշում են մտնել քաղաքականություն: Այդ ընկալումը, որ եթե դու պաշտոնյա ես, իշխանությունը քո հետ ուզած-չուզած հաշվի է նստելու, չի կարող լինել: Մենք որեւէ մեկին որեւէ բան չենք պարտադրել: Որեւիցե խոսակցություն որեւիցե մակարդակով, որ պետք է մանդատները վայր դնել, որեւէ մեկը պետք է հրաժարական տա, չի եղել:

Շատ վատ է, որ «Բալասանյան դաշինքը»  իր ստացած ձայներից հրաժարվել է եւ մանդատները վայր է դրել: Դա ամենավատ բանն է, որ կարելի էր անել, դա անթույլատրելի է»:

Նրա խոսքով, Գյումրիի ավագանում ձեւավորված կոալիցիան, որ կար, չաշխատեց. «Այն, ինչ պետք է արվեր Գյումրիում, չէր արվում: Մենք լուրջ խնդիր ունեինք իրագործելու ժողովրդի կողմից ստացած մեր մանդատը: Դրա համար մենք խզեցինք կոալիցիան, դրանից հետո իրենց որոշումն է՝ ինչ կանեն: Գուցե իրենք մտածում են, որ այս պարագայում նոր ընտրություններն ավելի ճիշտ տարբերակ է, ես չեմ կարող ասել»: