«Կառավարությունում արդեն քննարկվել են ՊԵԿ ռազմավարության հարցերը, և արդեն որոշված է այն վայրը, որտեղ Գյումրիում գտնվելու է մաքսատունը»,-այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում։
Գործադիրի ղեկավարը պատասխանում էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե վարչապետի հանձնարարությունը, որի համաձայն՝ Նորագավիթի մաքսատունը պետք է տեղափոխվեր Գյումրի, կատարվե՞լ է։ Փաշինյանը նշեց՝ Գյումրիում ոչ միայն մաքսատուն է լինելու, այլ ավելի մեծ ենթակառուցվածք, որն իրենք անվանում են արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ նման կենտրոն կառուցվելու է նաև Սյունիքում՝ Սիսիանում։
Վարչապետի խոսքով՝ լուրջ ներդրումներ պետք է կատարվեն, ու հիմա վիթխարի շինարարություն է իրականացվում։



