
«Ծնողներս կոտորածից են փրկվել, նրանք որբանոցում են մեծացել։ Գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոչ միայն ընտանիքիս, այլև համընդհանուր սրբազան պարտքը կատարելու»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Լրագրողի հարցին, թե ինչու մտավորականությունը քայլեր չի ձեռնարկում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց.
«Ես այնքան միայնակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, և անգամ երաժիշտների մեջ կան մարդիկ, ում չեմ ճանաչում։ Տեղյակ չեմ, թե ինչ են անում մտավորականները։ Գուցե ինձ մեղադրելու իրավունք ունեն որոշ հարցերում, բայց եթե ուրիշ կերպ հնարավոր լինել ապրել, այդ կերպ կապրեի։ Տնից շատ հազվադեպ եմ դուրս գալիս, և իմ անելիքն անում եմ։ Շուտով 350 աշակերտներ համերգներ են կազմակերպելու, որտեղ ամբողջն իմ երաժշտությունն է լինելու։ Դա լավագունն էր, որ կարող էի անել»։