ԳՇ պետը հետևել է Արցախի բանակի զորաշարժերին

Սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին։

Դրա ընթացքում, ըստ ուղղությունների, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները հանդես են եկել մարտական խնդիրների իրատեսության, գործողությունների համադրման և մարտի վարման արդյունավետ եղանակների ուսումնասիրման, ինչպես նաև միավորումների ու զորամասերի միջև փոխգործակցության, պաշտպանության գոտու ինժեներական կահավորման վիճակի, ճանապարհային ցանցի ուսումնասիրման և կապի ապահովման միջոցների վերաբերյալ զեկույցներով:

Տեղազննման աշխատանքների ընթացքում մեկ անգամ ևս ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում՝ միաժամանակ կարևորելով սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուժերի և միջոցների առավել արդյունավետ ու նպատակային կիրառման հարցերը: