Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի ամբողջությամբ վերանորոգված՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ:
Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ:
«Աբովյան» ՔԿՀ-ում այժմ ընթանում են ևս երկու մասնաշենքերի՝ մեկուսարանի և վարչական հատվածի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված են շահագործման հանձնել 2024 թ.:



