Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարո...

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես  հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, հատուկ անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ստեղծմանը և հանրապետությունում դրա ծավալների ընդլայնմանը, Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանմանը, Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը։ Քննարկվել են նաև INL-ի այլ համագործակցություններ, ինչպիսիք են քրեական օրենսդրության բարեփոխումները և հակակոռուպցիոն ջանքերը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն արդեն իսկ ներկայացվել է Կառավարություն։

Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։

Ներկայացվել է նաև Կառավարության կողմից Պարեկային ծառայության օրինակով քրեակատարողական ծառայողների պատրաստման գործընթացի կազմակերպման գաղափարը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել համակարգի աշխատանքին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ: