Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին հարկ է դիտարկել որպես սպառնալիք։ Նման դիրքորոշում է հայտնել Գրենլանդիայի դեմոկրատական կուսակցության նախագահ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ «Սա սպառնալիք է քաղաքական անկախությանը, մենք պետք է պաշտպանվենք», - նրա խոսքերը մեջբերել է The Washington Post (WP) թերթը։ Պատգամավորը ելույթ է ունեցել Գրենլանդիայի խորհրդարանի նիստում, որի ժամանակ օրենք է ընդունվել, որն արգելում է քաղաքական կուսակցությունների եւ նրանց երիտասարդական մասնաճյուղերի ֆինանսավորումն արտերկրից։ Պարբերականի գնահատմամբ՝ օրենքն ուղղված է կղզու ճակատագրի վրա ազդելու Թրամփի փորձերից պաշտպանվելուն։ Հունվարի 7-ին Թրամփը կարծիք էր հայտնել, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առեւտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի վրա, եթե այն չհրաժարվի կղզուց։ Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ էր առաջարկել գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այս գաղափարը։