Իր գործով դատական նիստի ժամանակ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շեշտեց՝ եթե այս գործը չկարճվի, պատասխան են տալու բոլորը՝ նախկին գլխավոր դատախազից սկսած:
«Սա է իրականությունը, ու չեմ հոգնելու սրա մասին ասել: Սա եղել է բոլորի աչքի առաջ: Ինչո՞ւ է արվել: Եղել է սա քաղաքական հետապնդում, ուղղակիորեն կապված է եղել իմ լիազորությունների իրականացման հետ: Մեկ առ մեկ քիչ հետո տեսնելու եք, որ ուղղակիորեն կապված է, և դա ոչ ոք չի թաքցնում: Էն, որ եղավ հորինված Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ու ասացին՝ «լուծումը մենք տեսնում ենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա: Սա է: Հրայր Թովմասյանն էլ հրաժարական չտվեց: Դե չտվեց, ոչինչ, կաշառել… Շուտ գնացեք թոշակի, հենց ուզում եք, մինչև ձեր կյանքի վերջ թոշակ կստանաք: Ասինք՝ հո մենք ձրիակեր չե՞նք: Ասին՝ լավ, չեղավ, հանրաքվե ենք անում»,- ՍԴ զավթման օպերացիայի ժամանակագրությունը նկարագրեց Հրայր Թովմասյանը:
Վերջինս նշեց՝ համաշխարհային պատմության մեջ ինքը միակ մարդն է, ում աշխատանքից հանելու համար հանրաքվե են նշանակել:
««Հիմա էս ամբողջով չեն կարողացել անեն, չի ստացվել: Քրեական գործ են հարուցել, չեմ վախեցել, հրաժարական չեմ տվել: Որոշել են կարգապահական վարույթ հարուցել, ՍԴ-ն մերժել է, բերել են վաղաժամ կենսաթոշակի օրենքը, չի անցել, հանրաքվե են նշանակել, կեսից հետ են կանգնել, բերել են ԱԺ, ժամերի ընթացքում սահմանադրական փոփոխություններ են կատարել: Վենետիկ-մենետիկ բանի տեղ չեն դրել: Չի ստացվել, հարգելի դատարան, բերել են, որ ձեր ձեռքով անեն»,- ասաց Հրայր Թովմասյանը:



