Գործող իշխանության շռայլ արտոնությունը կարկառ...

Օրեր առաջ՝ օգոստոսի 15-ի նիստում ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց՝ 1 ընկերության գործունեության տարածքը սահմանելով որպես ազատ տնտեսական գոտի և, ըստ էության, այդ նույն ընկերությանն էլ կարգելով որպես ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ։ Խոսքը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում լեռնադահուկային հանգստավայր է կառուցում։ Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ շնորհվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի հիմնադրած «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին։ Ուշագրավ է, որ վերջինս պետ․ռեգիստրում այդ անվամբ գրանցվել է 2023 թ-ի սեպտեմբերի 6-ին։ Այսինք՝ արդեն այդ ժամանակ ընկերության ղեկավարները վստահ էին իրենց ծրագրերում և կառավարության աջակցության մեջ։ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի իրական շահառուն Տիգրան Հարությունյանն է, «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը, հետախուզման մեջ գտնող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ Կառավարությանը ներկայացրած ներդրումային փաթեթում ընկերության պատասխանատուները ոչ ճիշտ տվյալ են ներկայացրել, իսկ կառավարությունն էլ կա՛մ չի նկատել այն, կա՛մ չի ցանկացել նկատել։

««Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ»,- նշված է ընկերության ծրագրում: Իրավական կազո՞ւս, թե՞․․․ Մինչ այս որպես Եղիպատրուշում լեռնադահուկային հանգստավայրի ներդրող հանդես է եկել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն և ոչ թե «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն, այսինքն՝ ներդրումներն ու ստեղծված աշխատատեղերը վերագրվում էին ՓԲԸ-ին։ Համացանցի բաց աղբյուրների համաձայն՝ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն որևէ աշխատողի համար դրոշմանիշային պարտադիր վճարում չի կատարել։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2024 թ-ի օգոստոսի 9-ի դրությամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությունում աշխատում է 12 անձ։

Ընդգծենք, որ ԱՏԳ դառնալու հայտը կառավարությունը քննարկել է 2024թ-ի օգոստոսի 15-ին, իսկ այդ ընթացքում աշխատողների թիվը չէր կարող այդքան կտրուկ աճել։ Այս հանգստավայրի ներդրումային ծրագիրն արդեն մի քանի անգամ հայտնվել է կառավարության նիստերի օրակարգերում՝ ստանալով տարատեսակ աջակցություն։ Գործադիրը 2021 թ-ի հուլիսի 29-ին հավանության է արժանացրել հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը, 2022-ի ապրիլի 22-ին ընկերությանը տվել է խաղատան լիցենզիա, նույն տարվա հուլիսի 21-ին՝ տրամադրել է 1 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն, 2023 թ-ի ապրիլի 13-ին որոշել է կառուցել «ՄԱՅԼԵՌ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհը՝ 900 մլն դրամ հատկացնելով հարկատուների գրպանից, 2024-ի օգոտսոսի 15-ին էլ ընկերությանը տվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։ Ուշագրավ է, որ այս բոլոր որոշումներն ընդունվել են լռելյայն, չզեկուցվող հարցերի փաթեթով։ Մինչդեռ, տնտեսական նման խոշոր ծրագիրը, առավել ևս նոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը նախկինում երկար քննարկումների առիթ կդառնար։

Օրինակ՝ Հրազդան քաղաքում «Էկոս» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը բավականին հանգամանալից ներկայացվել է 2018 թ-ի օգոստոսի 30-ի նիստում։ Ընկերության հայտարարած ներդրումների ծավալը մինչև 30 մլրդ դրամ է՝ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցման համար: Դրանց մի մասը՝ լեռնադահուկային համալիրը՝ ճոպանուղով, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքներն արդեն գործում են 2023 թ-ի հունվարից։ Եվ այստեղ էլ կառավարությունն աչք է փակել ընկերության թույլ տված խախտման վրա․ նախքան 2022 թ-ի ընթացքում շինարարական աշխատանքներ կատարելը, ընկերությունը չի իրականացրել ճոպանուղիների, հյուրանոցային և ռեստորանային հանգույցի կառուցման համար կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավարի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն։ Այն Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է միայն 2023 թ-ի հոկտեմբերի 4-ին, իսկ նախարար Հակոբ Սիմիդյանն այդ փորձաքննությունը հաստատել է 2023 թ-ի նոյեմբերի 16-ին։ Այսինքն՝ պաշտոնյաներն աչք են փակել այդ  լայնածավալ ու , փաստորեն, ապօրինի շինարարության վրա։ Դա էլ այն դեպքում, երբ 2022 թ-ին համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի առջև՝ դժգոհելով իրենց հողերը գերակա շահ ճանաչելու դեմ։

Ամբողջական հոդվածը Ֆակտոր լրատվականի կայքում