Գործարարները խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, ի...

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն, մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, բոլոր խնդիրները փորձելու ենք լուծելով առաջ գնալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի տեղեկություններով հայկական բիզնեսն արդեն խնդիրներ ունի Ռուսաստանում, մասնավորապես, խոսքը Ջերմուկի և Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի մասին է։

«Մենք որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ։ Նման մտադրություն չկա։ Ինչ–որ հարցեր կան, այդպիսի հարցեր բոլոր երկրների միջև գոյություն ունեն։ Մի պահի բարձրանում են այդ հարցերը, շտանում են, քչանում են։ Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,–ասաց նա։

Հարցին՝ ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում Հայաստանի մոտեցմանը, որ մենք ԵԱՏՄ–ում կմնանք այնքան, որքան կարող ենք,  ԱԺ նախագահը պատասխանեց. «Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, կխոսենք դրա մասին։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է, որ մենք փորձում ենք համատեղել (ԵՄ–ն և ԵԱՏՄ–ն–խմբ)։ Իսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը և մի գիշերվա մեջ  թևից թափ տվեցին ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»։

Հարցին՝ այսինքն գործող իշխանությունն էլ կարող է մեկ գիշերվա մեջ փոխի իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Տարբերությունը զգացե՞լ եք Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ եք։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ»։

Երբ լրագրողները հակադարձեցին, ԱԺ նախագահն ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ։