ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Արա Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում կոշտ քննադատությամբ է հանդես եկել Հայաստանի ներքին անվտանգության համակարգի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ՀՀ ՆԳՆ–ն և կառավարության վերահսկողությամբ գործող ներքին անվտանգության համակարգը տապալել է ոչ միայն արտաքին անվտանգության ապահովման իր պարտավորությունը, այլև ներքին անվտանգության հիմքերը։ «Գործ ունենք ձախողված ներքին անվտանգության համակարգի հետ», – նշել է Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ՝ ոստիկանությունը պարտավոր է իրականացնել մանրամասն վերլուծություններ քրեածին իրավիճակի վերաբերյալ, հատկապես՝ համայնքային մակարդակում։ Նա ընդգծել է, որ նման պայմաններում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պարտավոր էին կանխարգելել հնարավոր «վենդետայի» դեպքերը։ «Համայնքապետի և համայնքապետի անվտանգության հարցը պետք է լիներ հատուկ ծառայությունների ու ոստիկանության առանձնակի ուշադրության կենտրոնում», – գրել է նա։
Քաղաքագետը ընդգծել է, որ Հայաստանում անվտանգության համակարգի պաշտպանական մեխանիզմները գործում են միայն իշխանական և պրոիշխանական շրջանակների համար, մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք մնում են անպաշտպան։ Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է ավելի պահանջատեր լինի, քանի որ ներքին անվտանգությունն այսօր նույնքան խոցելի է, որքան արտաքին անվտանգությունը։
Արա Պողոսյանը իր գրառման մեջ ցավակցություն է հայտնել սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին։ Նա նաև անդրադարձել է Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի մահվան փաստին ու մաղթել շուտափույթ ապաքինում վիրավոր Արծրուն Գալստյանին։



