Գոհար Ղումաշյանին բարեգործության արգելքի հիմք...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ղումաշյանին բերման են ենթարկել։

«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ։ Բոլոր այն դրվագները, որոնք հայտարարում, մեզ հետ կապում են, իրավական այնպիսի բացահայտումներ, զարգացումներ են եղել, որ նախաքննության արգելքով պայմանավորված` շատ գործընթացների չենք կարող անդրադառնալ, բայց մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»,- ասաց Մելոյանը։

Նրա կարծիքով՝ քանի որ «Ուժեղ Հայաստանի»՝ ապրիլի 11-ին հրավիրած հանրահավաքը բազմահազարանոց էր, հանրային մեծ աջակցություն եղավ, իշխանությունները ջղաձգվում են։

Մելոյանն ընդգծեց, որ Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխա ունի, ուստի նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմից հենց Գոհար Ղումաշյանի թիրախավորելը պատահական չի արվել։ Նա չբացառեց, որ նախաքննական մարմինը կարող է միջնորդել ծանր խափանման միջոց կիրառել։