
Բաքուն, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությունների, շուրջ 300 հայերի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ գլխավոր դատախազության 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։ Բացի այդ, ինչպես նշել է պատգամավորը, Ադրբեջանում շարունակում են մնալ մի քանի տասնյակ հայ գերիներ։ Միաժամանակ նա նրանց ներկայությունն այնտեղ անվանել է անօրինական եւ քաղաքականացված։ Ընդդիմադիրն այս անձանց նկատմամբ կայացված դատական վճիռներն անվանել է կողմնակալ եւ քաղաքականացված։ «Ի՞նչ է անում Հայաստանի գլխավոր դատախազությունը իրավական հավասարակշռությունն ապահովելու համար», հետաքրքրվել է Թովմասյանը հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների էսկալացիայի կամ ակտիվ փուլի վերսկսման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազությունը պարբերաբար հայտարարություններ է արել Ադրբեջանի եւ նրա քաղաքացիների դեմ քրեական գործեր հարուցելու մասին։ Ի պատասխան՝ Վարդապետյանը հայտնել է, որ այդ քրեական գործերը «պաշտպանված են գաղտնիության ռեժիմով»։ «Տեղեկատվության ազատության օրենքը հնարավորություն չի տալիս փոխանցել մեր ունեցած տեղեկատվությունը»,- պարզաբանել է գլխավոր դատախազը՝ մատնանշելով պատգամավորի նշած դեպքերը։ Նրա խոսքով՝ Թովմասյանը բազմիցս դիմել է իրենց՝ համապատասխան խնդրանքով։ Սակայն Վարդապետյանը, եթե նույնիսկ իսկապես ցանկանա, չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ սահմանափակված է գործող օրենսդրության նորմերով։ Այսպիսով, գլխավոր դատախազը, ըստ էության, չի պատասխանել անհարմար հարցին։