
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցներին։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։
Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու նպատակով։ Նրանք լսել են համայնքների ներկայացուցիչների հարցերը գործնականում հանդիպող իրավիճակների վերաբերյալ, դիտարկել օրինակներ և օրենսդրական կարգավորումները հաշվի առնելով՝ տվել պարզաբանումներ։ Հանդիպման մասնակիցներին առավելապես հետաքրքրել են պետական և սուբվենցիոն ծրագրերի դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրմանը, շինարարության թույլտվության երկարացմանն առնչվող փուլերը։
Քննարկման ընթացքում առանձնացվել են նաև տեխնիկական բնույթի հարցեր, որոնք կոմիտեն փոխանցելու է հարթակի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերությանը՝ կարգավորման և հարթակի աշխատանքի հետագա բարելավման նպատակով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։