Գեղարքունիքի մարզի Կալավան համայքնում բացվել...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում այսօր ներկա է գտնվել «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»-ի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը,  ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կալավան համայնքի տնտեսական զարգացմանը և էկո տուրիզմի արդյունավետ կառավարմանը նպաստող գիտական և արկածային զբոսաշրջության այս կենտրոնը հիմնադրվել է Կալավան Թայմ Լենդ հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի համագործակցության շնորհիվ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման աջակիցներին՝ ի դեմս ՌԴ կառավարությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Կալավան Թայմ Լենդ հիմնադրամին, ապա նկատել, որ Կալավանը մարդու և բնության ներդաշնակ միասնության իր յուրատեսակ միջավայրով, կենսագործունեության ապահովման տարբեր եղանակներով իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի զբոսաշրջության քարտեզի վրա:

«Այսօր զբոսաշրջության մեջ պարզ սպառումն այլևս գրավիչ չէ։ Մարդկանց հետաքրքրում են զգացողությունները, գիտելիքը, ճանաչողական փորձառությունը, ու այս ամենը և ավելին տեղաբնակների շնորհիվ կարելի է գտնել Կալավանում, որը վերածվել է այլ համայնքներում տարածման արժանի բիզնես մոդելի»,- ասել է փոխնախարար Շուշանյանը։

Ըստ նրա այս նախագծում ամենից արժեքավոր բաղադրիչը ոչ թե ի սկզբանե եկամուտ ստանալու գերխնդիրն էր, այլ համայնքային զարգացման գեղեցիկ գաղափարը, ապա նոր միայն օգուտի ձևավորումը։ Իսկ օգուտը ստացվում է հենց տեղի բնակիչների տանը՝ կապելով վերջիններիս ապագա ծրագրերը հարազատ հողի վրա ապրելու և արարելու հետ:

«Գիտական և արկածային զբոսաշրջային կենտրոն»-ը մի յուրահատուկ վայր է, որը միտում ունի դառնալ հենանիշ Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար՝ միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր տեղի բնակիչների կյանքը բարելավելու նպատակով: Զբոսաշրջիկներն այստեղ հնարավորություն կունենան հանգստանալ վրաններում և իրականացնել հանդիպումներ և կարևոր միջոցառումներ կենտրոնի ներսում: