Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանը սխա...

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ տեղեկատվություն է տարածում «Ալիև-Փաշինյան-Թրամփ» փաստաթղթի մասին։

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի վերնագրում երբեք ԱՄՆ նախկին նախագահի անունը չի եղել. «Առաջին իսկ օրից կեղծած փաստաթղթով ամեն օր շարունակում են ձեզ խաբել»։

Մանուկյանը նաև կասկածի տակ դրեց ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրերի կայունությունը՝ ընդգծելով, որ նոր վարչակազմի գալուց հետո դրանք կարող են դադարել գործել։

«Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրերից մեկում ասվում է՝ կնքվում է մեկ տարով, եթե դեմ չեն, վերակնքվում է մեկ տարով երեք անգամ, երեք տարի, լավ, ուզում եք համարեք չորս տարի, բա հետո՞: Երբ Միացյալ Նահանգներում կարող է գալ նոր վարչակազմ և ինչպես Թրամփը Բայդենի որոշումների ճնշող մեծամասնությունը չեղարկեց, դա էլ չեղարկի, բա հետո՞»,-հավելեց պատգամավորը։

Ելույթի վերջում պատգամավորը հուզական նոտայով դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ցույց տալով մոր լուսանկարը:

«Սա մայրիկիս լուսանկարն է՝ 2022-ի դեկտեմբերի 12-ին, Արցախի շրջափակման օրը, իր ծննդյան օրը (ցույց է տալիս լուսանկարը /խմբ/)։ Մի քանի ժամ հետո լուր եկավ, որ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, և մորս այս կարոտով հայացքը մինչ հիմա շարունակվում է։ Խնդրում եմ, եկեք մեր տուն ու մայրիկիս համոզեք, որ խաղաղությունը եկել է։ Գնացեք Գեղարքունիք, Վարդենիս, և մարդկանց ասեք, որ խաղաղություն է եկել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գտնվում է Բաքվի բանտում: