Գերմանիայում կասկածում են, որ Ռուսաստանը կարո...

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է վերսկսել բնական գազի մատակարարումը Եվրոպա «Հյուսիսային հոսք 1» գազատարով հուլիսին նախատեսված վերանորոգման աշխատանքներից հետո, ինչը բարդացնում է կանխատեսումներն այս ձմռան համար, հայտնում է Reuters-ը։

Հունիսին Ռուսաստանը դադարեցրել էր գազի մատակարարումները Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Չեխիա եւ Սլովակիա, քանի որ ԵՄ երկրները փորձում են համալրել պահեստներն էլեկտրաէներգիայի արտադրման համար օգտագործվող վառելիքով:

«Գազպրոմ»-ը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 1»-ով գազի հոսքի կրճատման պատճառը տեխնիկական խնդիրն է։ Ընկերությունը հայտնել է, որ Կանադայում վերանորոգվող սարքավորումները մնացել են այնտեղ՝ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով: Գերմանացի առաջնորդները հերքել են այդ բացատրությունը եւ կրճատումները քաղաքական քայլ են անվանել:

Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, ով նաեւ Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի նախարարն է եւ պատասխանատու է էներգետիկայի հարցերի համար, ասել է, որ գազատարի «շրջափակումը» հնարավոր է հուլիսի 11-ից, երբ պետք է սկսվեն կանոնավոր վերանորոգումները: Նրա խոսքով՝ անցած ամառ աշխատանքը մոտ 10 օրով փակման հանգեցրեց:

«Բայց հաշվի առնելով պատկերը, որը մենք տեսանք՝ այդքան էլ զարմանալի չէր լինի, եթե ինչ-որ փոքր տեխնիկական դետալ հայտնաբերվեին, իսկ հետո նրանք ասեին. «Մենք չենք կարող այն նորից միացնել, ինչ-որ բան ենք գտել տեխնիկական սպասարկման ժամանակ, եւ վերջ»,- ասել է Հաբեկը Sueddeutsche Zeitung թերթի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ:

«Ուստի իրավիճակը, իհարկե, լարված է»,- ասել է նա՝ ընդգծելով պահուստների համալրումը եւ հեղուկ բնական գազի տերմինալների շահագործումը։ Փոխկանցլերի խոսքով՝ այժմ Գերմանիան շարունակում է պահել գազը, թեեւ՝ մոտ կիսով չափ ավելի քիչ, քան մինչ «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատումը։

Մեկ շաբաթ առաջ Հաբեկը ակտիվացրել էր բնական գազի մատակարարման համար Գերմանիայի եռափուլ արտակարգ ծրագրի երկրորդ փուլը՝ նախազգուշացնելով, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը «ճգնաժամի» է բախվել, իսկ ձմեռվա համար գազի պահեստավորման թիրախները վտանգված են: