Մյունխենի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել Քրիստոնեա-դեմոկրատական միության երկու նախկին պատգամավորների՝ իբր Ադրբեջանի կողմից կաշառված լինելու հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով Spiegel-ին։
ՔԴՄ նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինթները (33 եւ 23 տարեկան՝ համապատասխանաբար) եղել են Բունդեսթագի պատգամավորներ։ Ֆիշերը պատգամավոր չէ 2009-ից, Լինթները՝ 2021-ից։ Կասկածները վերաբերել են նաեւ նախկին քաղաքական գործիչ Քարին Շթրենցին, բայց նա մահացել է 2021թ.։
Հետաքննությունը տեւել է ավելի քան չորս տարի եւ ավարտվել կոռուպցիայի եւ ընտրված պաշտոնատար անձանց կաշառելու մեղադրանքներով։
Լինթներին մեղադրում են Ադրբեջանի իշխանություններից միջոցներ ստանալու եւ դրանք այլ պատգամավորների, այդ թվում՝ Շթրենցին, հանձնելու մեջ՝ այնպիսի որոշումների ընդունման դիմաց, որոնք շահավետ են եղել Ադբեջանին, մասնավորապես ԵԽԽՎ-ում։
Դատախազությունը կարծում է, որ Շթրենցը համաձայնել է գործել «Ադրբեջանի ակնկալիքներին համապատասխան»։
Ֆիշերին ներկայացվել են նույն մեղադրանքները. նա 2011թ. իբր պայմանավորվել է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի հետ, որպեսզի աջակցի Բաքվի համար շահեկան գծին ԵԽԽՎ-ում՝ ապագայում դրամական պարգեւատրման դիմաց։ Խոսքն իբր «դրական» ելույթների, կոնֆիդենցիալ տեղեկության փոխանցման եւ քվեարկության մասին է։
Ավելի վաղ նման մեղադրանքներ հարուցվել էին եւս մեկ պատգամավորի՝ Մարկ Հաուփթմանի դեմ, բայց նրա նկատմամբ հետաքննությունը Թյուրինգիայում դադարեցվել է։
Լինթները փաստացի չի հերքում, որ զբաղվել է հօգուտ Ադրբեջանի լոբբիով եւ ընդունել է, որ իր ընկերությունները Ադրբեջանից ստացել են ավելի քան 3 մլն եվրո։ Միեւնույն ժամանակ, նա այժմ հայտնել է, որ քրեական մեղադրանքներն արդարացի չեն։