Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միությունը»...

Գերմանիայի ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական միությունը» (ՔԴՄ) 2025 թվականին կայանալիք համազգային ընտրություններում Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջադրել է իր ղեկավար Ֆրիդրիխ Մերցի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Թեկնածուի առաջադրման մասին հայտարարվել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա են եղել ինչպես Ֆրիդրիխ Մերցը, այնպես էլ Բավարիայում «Քրիստոնեադեմոկրատական միության» գործընկեր «Քրիստոնեասոցիալական միության» (ՔՍՄ) ղեկավար, Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը։

«Թեկնածության հարցը որոշված ​​է: Ֆրիդրիխ Մերցը կլինի թեկնածուն, և ես աջակցում եմ նրան», - հայտարարել է Զեդերը:

Մերցը շնորհակալություն է հայտնել Զեդերին աջակցության համար և նշել, որ իր կուսակցությունը «հաստատապես մտադիր է կրկին ստանձնել երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը»:

ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն կազմում են աջ կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների դաշինք և համընդհանուր ընտրություններում միշտ առաջադրում են միասնական թեկնածուի։ ՔԴՄ-ն գործում է ողջ Գերմանիայի տարածքում, բացի Բավարիայից, իսկ ՔՍՄ-ն ակտիվ է միայն Բավարիայում։

Գերմանիայում ընտրությունները կանցկացվեն 2025 թ. սեպտեմբերին։

2021 թվականից Գերմանիայի կանցլերն է Օլաֆ Շոլցը Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից։ Նրա կոալիցիոն կառավարության կազմի մեջ են մտնում նաև Կանաչները և Ազատ դեմոկրատները։ Այս տարի անցկացված Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչպես նաև Թուրինգիայի և Սաքսոնիայի նահանգային ընտրություններում իշխող կոալիցիան վատ արդյունքներ է ցուցաբերել։