Գերմանիայի ՊՆ ղեկավարը ՌԴ միջուկային դոկտրինի...

Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացումը Բեռլինից որևէ արձագանք չի պահանջում, քանի որ դա ոչ մի կերպ չի ազդի Գերմանիայի և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի քաղաքականության վրա, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա կարծիքով՝ գերմանացիները չպետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես չեմ տեսնում իմ դերը, չեմ տեսնում մեր դերն այս ամբողջ ուղերձը քննարկելու և քննարկումը բազմապատկելու հարցում։ Սա մեկնաբանելու կարիք չկա. վաղը այլ բան կհայտնվի»,- ասել է Պիստորիուսը Լիտվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ Գերմանիան «գնում է իր ճանապարհով» և անում է այն, ինչ ճիշտ է համարում։

Սեպտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն առաջարկեց դոկտրինում ամրագրել դրույթ, ըստ որի միջուկային տերության աջակցությամբ ցանկացած պետության «ագրեսիան» կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։ Նա նաև առաջարկել է պարզաբանել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանի թիրախների դեմ օդատիեզերական հարձակման զենքերի, ինչպիսիք են ռազմավարական ավիացիայի, թեւավոր հրթիռների, հիպերձայնային մեքենաների և անօդաչու սարքերի զանգվածային արձակման մասին «հուսալի տեղեկատվություն» ստանալու դեպքում։ Բացի այդ, Պուտինը ցանկանում է միջուկային վահանը տարածել Բելառուսի վրա, նույնիսկ եթե նրա դեմ ագրեսիան իրականացվի սովորական զենքի կիրառմամբ։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջարկվող փոփոխությունները որակել են որպես անպատասխանատու։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ նման հռետորաբանությունն անընդունելի է և հիշեցրել է, որ երբ Պուտինը «նախկինում միջուկային զենքով սպառնում էր, աշխարհում շատերը, ներառյալ Չինաստանը, հստակորեն խոսեցին» նման պահվածքի անպատասխանատվության մասին։

Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն «կտրականապես մերժում է» նման սպառնալիքները և կշարունակի աջակցել Ուկրաինային։ Նա նշել է, որ Պուտինի «չափազանց անպատասխանատու և անընդունելի պահվածքը», ով առաջին անգամ չի խաղում միջուկային խաղաքարտը, «ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր իրական դեմքը»։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին հայտարարությունն անվանել է «շանտաժ» և «ահաբեկում»՝ հավելելով, որ այն չի աշխատի։