Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ը...

Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունեց ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները: Դեսպան Ենգիբարյանը պատասխանեց նախագահ Շտայնմայերի մի շարք հարցերին: