Բունդեսթագի արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025թ. մարտի 9-ին։ Այս մասին տեղեկացրել է Bild թերթը՝ հղում կատարելով դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին։
Ավելի վաղ Շոլցը հայտնել էր, որ 2025թ. սկզբին Բունդեսթագում կբարձրացնի կառավարության հանդեպ անվստահության հարցը, իսկ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչեւ 2025թ. մարտի վերջ։
Չորեքշաբթի Der Spiegel ամսագիը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Շոլցը պաշտոնազրկել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կոալիցիոն կոմիտեի նիստը, որտեղ գործընկերները փորձել են գտնել վեճի լուծումը երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ։ Պառակտման պատճառը տարաձայնություններն են բյուջետային, ֆինանսական եւ տնտեսական քաղաքականությունում։ Ավելի ուշ կանցլերը, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, ասել է, որ առաջարկել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին ազատել Լինդներին։
Այս առնչությամբ Բունդեսթագի Ազատ դեմոկրատական խմբակցության ղեկավար Քրիստիան Դյուրը հայտնել է, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության նախարարները բոլորը դուրս են գալիս կառավարող կոալիցիայի կազմից։ Գերմանիայի կառավարությունում կուսակցության ներկայացուցիչները չորս պաշտոն էին զբաղեցնում՝ ֆինանսների, արդարադատության, գիտական հետազոտությունների եւ կրթության եւ տրանսպորտի նախարարների։